Դիջիմարմնամարզություն։ Մարզական խաղերը նախակրթարանում

Մարմնամարզությունը մեծ դեր ունի նախակրթարանում: Այն նպաստում է երեխայի ճարպկությանը, արագաշարժությանը, ճկունությանը և ճիշտ կեցվածքի ձևավորմանը, զարգացնում է գլխուղեղի աշխատանքը: Մարմնամարզության նպատակն է սովորեցնել երեխային ընդհանուր մարզական վարժություններ, որից հետո կարելի է անցնել մարզական շարժական խաղերի: Մարզական խաղերի հիմնական խնդիրն է երեխային սովորեցնել արագ կողմնորոշվել, ձեռք բերել համարձակություն և դժվարությունները հաղթահարելու ունակություն: Մարզական խաղերն ամեն տեղ են՝ թե քնելուց, թե սնվելուց, թե լվացվելուց։ Խաղերի շնորհիվ զարգանում է ուշադրությունն ու հիշողությունը, արագ կողմնորոշվելու կարողությունը։ Վերջում կարելի է անցնել շնչառական վարժությունների` կարգավորելու երեխայի սրտի աշխատանքն ու շնչառությունը: Մարզական խաղերը օգնում են երեխային ճանաչել իր մարմինն ու ֆիզիկական կարողությունները և, ինչու չէ, դաստիարակվել բարոյական որակներով: Դաստիարակը պետք է կարողանա խաղ այնպես ուղորդել , որ խաղում ներգրավվեն բոլոր երեխաները:Նա պետք է մասնակցի խաղին և սեփական օրինակով ցույց տա խաղի կանոնները: Կարևոր է նաև մասնակից երեխաների միջև նորմալ փոխհարաբերությունների ստեղծումը: Մարզական խաղերի ընթացքում երեխան սովորում է հարգել, օգնել ընկերոջը, ուրախանալ միմյանց հաղթանակներով և քաջալերել իրար, գիտակցում է խաղում իր կարևորությունը։ Եվ ո՞վ է ասում, թե երեխան չի կարող առաջարկել խաղի իր տարբերակը։ Նա ազատ է արտահայտելու իր միտքն ու առաջարկելու խաղի իր տարբերակը։ Ամեն ինչ պարզ է, պետք է միայն լավ միջավայր, ցանկություն և հետաքրքիր մտքեր։ Խաղը ընտրելիս պետք է ուշադրություն դարձնել դրա մատչելիությանը: Այն պետք է բավարարի երեխայի հետաքրքրությունը և համապատասխանի նրա տարիքին: Շատ կարևոր է նաև մարզախաղերի անցկացման վայրը: Ամռանը ավելի նպատակահարմար է անցկացնել դրսում՝ ստվերային հատվածում արևի ուղիղ ճառագայթներից խուսափելու համար: Խաղերը կարելի է կազմաներպել նաև ջրում, ինչը երեխաներին ավելի է ոգևորում։

Խաղերը հիմնականում կազմակերպվում են գնդակի, օղակի և աթոռների օգնությամբ։ Խաղերին անուններ կարող ենք հենց ինքներս էլ հորինել` «գնդակը օղակում», «սահիր, ցատկիր»։ Երեխաներն էլ կարող են հորինել ամենախենթ անունները խաղի համար։
Մինչ խաղերը սկսելը տաքացնում ենք մկանները և մարմինը պատրաստում խաղին` պտտում ենք պարանոցն ու ուսերը, կատարում ենք ցատկ` սկզբից` մեկ, այնուհետև երկու ոտքի վրա, ձգվում ենք վերև և կնքանստում ու անցնում խաղին։ Հետաքրքիր լուծումներ տալով խաղն ավելի է գրավում երեխային. իրենց սիրելի խաղալիքը կամ թեկուզ որևէ կոնֆետ դնում ենք որոշակի հեռավորության վրա, այնուհետև առաջադրանք է տրվում ցատկելով կամ գնդակը վարելով հասնել կոնֆետին։ Այսպիսով` ամեն օր էլ կարող է մի որևէ նմանատիպ միտք ծագել մեզանից յուրաքանչյուրի մտքում, ինչու չփորձել, իհարկե, չմոռանալով մատչելիության մասին։ Եվ, այսպիսով, պարզ է դառնում թե ինչքան կարևոր բաղադրիչ են կազմում նախակրթարանում մարմնամարզությունն ու մարզական խաղերը։

Оставьте комментарий