Հեռավար ընտանեկան ուսուցում, պատմում են սեբաստացի մայրիկները

Ազատի մայրիկ՝ Նունե Հակոբյան

«Ի սկզբանե շատ մեծ սիրով ու ոգևորությամբ ենք մասնակցել հեռավար-առցանց ուսուցման նախագծերին: Միակ դժվարությունը Ազատի ապակենտրոնացումն էր սկզբնական շրջանում, քանի որ իր համար անսովոր էր տեսախցիկի առջև խոսել, որևէ բան պատմել կամ գործողություն կատարել: Չնայած դրան՝ մեծ հետաքրքրությամբ էր սպասում հերթական հանձնարարության նկարահանմանը: Հետզհետե ավելի հմտացավ և հիմա համեմատաբար ինքնավստահ է պահում իրեն նկարահանման ընթացքում:
Այս ընթացքում Ազատը բավականին հմտացավ նաև տեխնոլոգիական աշխատանքներ կատարելու գործում և հիմա շատ սիրում է նկարել, ներկել, թղթերը կտրատել ըստ անհրաժեշտ ձևի: Անչափ ոգևորվում է, երբ խրախուսական խոսքեր են հնչում իր հասցեին, և ավելի է ձգտում ինքնուրույնության: Նախկինում շատ էր դիմում մեր օգնությանը, սակայն հիմա առավել ինքնուրույն է դարձել և ուզում է ամեն բան իր ձեռքով անել: Սովորեց կենտրոնանալ, լինել համբերատար, տարբեր նյութերով աշխատելով՝ ընդլայնեց մտահորիզոնը, սովորեց Զատիկ տոնի մասին, բնության հանդեպ առավել նրբանկատ դարձավ՝ բացահայտելով, թե ինչպես են ծաղկում ծառերը և կանաչում տերևները, սովորեց թիմային աշխատանք:
Այս համաճարակի շրջանը, որքան էլ բացասաբար է անդրադառնում բոլորի վրա, այնուամենայնիվ, կյանքը նորովի գնահատելու և բացահայտելու նոր հնարավորություններ է ստեղծում: Ես ամեն օր եմ բացահայտում Ազատին, ու կան իրավիճակներ, որտեղ նա այս կերպ կվարվի, բայց, ի զարմանս ինձ, լրիվ այլ կերպ է իրեն դրսևորում՝ իր տարիքի համեմատ ավելի հասուն է տրամաբանում: Երբեմն ինձ թվում է, որ ես ավելի շատ բան եմ սովորում Ազատից, քան ինքը՝ ինձնից:

Նարեի մայրիկ՝ Արմինե Սարգսյան

Մենք կարողանում ենք

Ես Արմինեն եմ, «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի Քոլեջ-պարտեզում սովորող Նարեի մայրիկը: Այսօր կանդրադառնամ հեռավար ուսուցմանը, թե ինչ է տալիս այն մեզ: Ասեմ, որ աղջիկս երեք տարեկան է: Երբ հանգամանքների բերումով անցանք հեռավար ուսուցման, սկզբում անհասկանալի էր թվում, թե ինչպես պետք է մասնակցի երեք տարեկան երեխան: Դե ցանկացած նոր բան միշտ էլ դժվար է թվում…. Եվ այդ դժվարությունները հաղթահարելու հարցում մեզ օգնության եկան մեր դաստիարակների կազմած նախագծերը, որոնցում հստակ նշված էին, թե որ օրը ինչ կարող ենք անել՝ երեխայի օրը հագեցնելու համար: Ի դեպ նախագծերը բավականին ճկուն են, և ես հեշտությամբ հարմարեցնում եմ իմ երեխայի տարիքային առանձնահատկություններին: Մեր գործը ավելի հեշտացավ, երբ դաստիարակ-ծնող-երեխա կապը ապահովվեց Messenger ծրագրով: Այդ ամենի արդյունքում Նարես սկսել է ավելի ազատ արտահայտվել, մեծ հաճույքով է մասնակցում նկարահանումնեին և անչափ ուրախանում է, որ դրանք դիտելու են ընկեր Վարդիկը և ընկեր Մարիամը: Արդեն կարողանում է ինքնուրույն մտնել ընկեր Վարդիկի և ընկեր Մարիամի բլոգներ, ուսումնասիրում է բլոգում եղած ամեն բան և մեկնաբանում է իր ձևով: Այս ընթացքում ես էլ շատ նոր բաներ սովորեցի և շարունակում եմ սովորել: Օրինակ՝ ինչպես կարելի է տեսանյութը մոնտաժել։ Նոր երգեր, տարաբնույթ խաղեր սովորեցի, որոնք դարձել են մեր առօրյայի մի մասը : Այսպիսով՝ կարող եմ ասել, որ հեռավար ուսուցումն էլ է արդյունավետ, բայց այն երբեք չի կարող փոխարինել ավանդական ուսուցմանը և կենդանի շփմանը:

Առնոյի մայրիկ՝ Մարիամ Չիբուխչյան

Հեռավար ուսուցումը մի մեծ փորձառություն էր մեր ընտանիքի համար։ Առօրյայի կտրուկ փոփոխությանը զուգահեռ ավելացել են նաև նոր «պարտականություններ», և այդ ամենին հարմարվելու համար ժամանակ էր պետք։ Ամենադժվար հանգամանքը Առնոյի փոքրիկ քույրիկի՝ Եվայի համար կարճ ժամանակով այլ զբաղմունք գտնելն էր։ Նա այն տարիքում է, երբ մշտապես ուզում է լինել եղբոր կողքին, և շատ առաջադրանքներում նրան ևս ներգրավում էինք, սակայն կային դեպքեր, երբ դա հնարավոր չէր, և պետք էր լինում «մեկուսանալ»։ Այդ իրավիճակին ևս արդեն հարմարվել ենք, և կարողանում ենք գտնել մեզ հարմար ժամանակը։
Արդեն այլ առիթներով նշել եմ, որ սկզբնական շրջանում տեսանյութերի նկարահանումը ինքնանպատակ էր թվում, սակայն ամեն նոր տեսանյութի հետ սկսեցի նկատել շատ դրական փոփոխություններ, նոր կարողությունների զարգացում, ինչի մասին էլ այսօր կխոսեմ։
Ի՞նչ սովորեց Առնոն.
•խոսել տեսախցիկի առաջ,
•լինել անկաշկանդ, բայց միևնույն ժամանակ «լրջանալ» ու կենտրոնանալ,
•ներկայացնել առաջադրանքը. սկզբում նախապես քննարկում էինք խոսքը, օգնում էի նրան ձևակերպել մտքերը, իսկ հիմա նկարահանման ընթացքում զարմանում եմ, թե ինչպես է իր իսկ նախաձեռնությամբ թեման զարգացնում։
•Լինել պատասխանատու․ աստիճանաբար հասկանում է, որ կա առաջադրանք կատարելու ժամ։ Ճիշտ է, առաջադրանքները հաճախ խաղի տեսքով են, մեծ սիրով է անում, բայց նաև գիտսկցում է, որ դա հանձնարարություն է, և պետք է կատարել։ Շատ եմ ուրախանում, երբ առավոտյան հարցնում է․
-Իսկ այսօր ի՞նչ ենք անելու։
•Մի շարք հմտությունների ամրապնդում՝ աշխատանք մկրատով և սոսնձով, բացահայտումներ բնագիտական փորձերի արդյունքում, տեխնոլոգիա, խոհարարական հմտություններ։
Ի՞նչ սովորեց Առնոյի մայրիկը․
• Ժամանակի ավելի ճիշտ կառավարում․ սա օգնեց ավելի շատ ժամանակ տրամադրել երեխաներին, օգտագկար ու հաճելի զբաղմունքներ գտնել, օրը ուրախ ու հետաքրքիր անցկացնել։
•Տեսանկարահանման հմտություններ․ այստեղ մեզ շատ դեպքերում ուղղություն է ցույց տալիս Առնոյի հայրիկը, օրինակ՝ ինչպես ճիշտ օգտագործել տարածքը, լույսը։
•Մոնտաժ․ ճիշտ է, դեռ շատ բաներ կան սովորելու, բայց շատ ուրախ եմ, որ ինձ համար նոր, հետաքրքիր զբաղմունք բացահայտեցի և հնարավորության դեպքում փորձում եմ ամեն նոր տեսանյութ ավելի հետաքրքիր դարձնել, օրինակ՝ ձայնային էֆեկտների օգնությամբ։
Վստահ ենք՝ հեռավար ուսուցման դրական ազդեցությունը այսքանով չի սահմանափակվի, և մեր կարողությունների շրջանակը դեռ կավելանա՝ զարմացնելով առաջին հերթին հենց մեզ։

Դավիթի մայրիկ՝ Լիլիթ Սիրեկանյան

Երբ մեր կյանքը շեղվեց իր բնականոն հունից, և մեր օրվա ռիթմը փոխվեց, մենք հայտնվեցինք մեր տներում փակված: Սկզբում Դավթին թվում էր, թե պարզապես շաբաթ-կիրակին սովորականից երկար է ձգվում, բայց հետո հասկացավ որ առողջ մնալու համար մենք պետք է մնանք տանը: Այս ժամանակը լավ հնարավորություն ընձեռեց մեզ ավելի շատ ժամանակ անցկացնել Դավթի հետ և ամեն օր զարմանալ, թե այս ընթացքում ինչքա՜ն է մեծացել:
Դավիթը շատ է կարոտում պարտեզը և պարտեզի հագեցած առօրյան. նա անընդհատ պատմում է ընկեր Վարդի, ընկեր Մարիամի, Սառայի, Լևոնի, Վահանի, Մարիայի և մյուս բոլոր երեխաների մասին: Ես սկզբում շատ անհագիստ էի, քանի որ կարիք կար համատեղել աշխատանքը և երեխայի օրվա զբաղվածությունը: Այս ընթացքում մեզ շատ օգնեց հեռավար ուսուցման ծրագիրը։ Այն մեզ հուշում էր, թե ինչ հետաքրքիր բան կարող ենք այսօր միասին անել: Սկզբում մի փոքր դժվար էր այդ ամենը տեսագրելը, բայց ամեն օրվա առաջադրանքները կատարելիս մենք ավելի հմտացանք: Դավիթը սովորեց ավելի հստակ ու պարզ արտահայտել իր մտքերը, ավելի անկաշկանդ լինել տեսախցիկի առաջ: Միասին սովորեցինք ծիսական հալվա պատրաստել և ածիկ ցանել, գունավոր թղթերով հետաքրքիր աշխատանքներ անել և ցուցահանդես կազմակերպել, նոր ու հետաքրքիր խաղեր սովորեցինք, մարզվեցինք, մագնիսի հատկությունը իմացանք, ալյուրով խաղացինք, երգեցինք՝ կաթսաների վրա նվագելով, մատիկաթատրոնն էլ ստացվեց:
Մենք շարունակում ենք միասին սովորել, ուրախանալ, տխրել, ձանձրանալ, երգել, պարել, նկարել, կարդալ, մարզվել, ու թեև մեզ մոտ ստացվում է մեր օրը լցնել հեռավար ուսուցման հետաքրքիր առաջադրանքներով, Դավիթն այնուամենայնիվ շատ է կարոտում պարտեզը և ընկերներին:

Նարինայի մայրիկ՝ Մերի Մկրտչյան

Մենք կարողանում ենք

Բարև՛ Ձեզ: Ես Մերին եմ՝ Նարինայի մայրիկը: Աղջիկս արդեն երեք տարի է, ինչ հաճախում է «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի Քոլեջ-պարտեզ՝ ընկեր Վարդի և ընկեր Մարիամի խումբ: Միշտ գոհ ենք եղել (և ենք ) մեր սիրելի պարտեզից, չնայած որ մենք ապրում ենք մի քանի թաղամաս այն կողմ:
Ցավոք, երկու ամիս առաջ բախվեցինք մի սարսափելի երևույթի հետ, որի անունն է «կորոնավիրուս»։ Փակվեցին շատ հասարակական վայրեր, դուրս եկավ շահագործումից տրանսպորտը, փակվեցին բոլոր ուսումնական հաստատությունները, այդ թվում նաև՝ պարտեզները: Մեկ շաբաթ անց հայտարարվեց առցանց ուսուցման մասին: Եվ, իհարկե, կարծում եմ՝ շատերը համաձայն կլինեն ինձ հետ, որ մեզ՝ աշխատող ծնողներիս համար շոկային իրավիճակ ստեղծվեց: Բալիկները տանն են, իսկ մենք թեկուզ և օնլայն ռեժիմով, բայց աշխատում ենք:
Աշխատանքն աշխատանք է, բայց առաջնայինն ընտանիքն ու, իհարկե, մեր «գազանիկներն» են։ Հնարավոր չէ և չի կարելի երեխաներին թողնել ինքնահոսի՝ ինչ կանի, ոնց կանի, այս հեռուստաալիքով որ մուլտֆիլմը կդիտի, այս մյուսով՝ հերթական հիմարությունը (որովհետև ձևավորելու է վատ բառապաշար): Ինչևէ, պետք էր բալիկների հետ զբաղվել:
Հայտարարվել էր առցանց ուսուցում, բայց չէինք էլ կարող պատկերացնել, որ պարտեզը նույնպես կանցնի հեռավար-առցանց ուսուցման: (Ունեմ շրջապատում շատ մայրիկներ, որոնց փոքրիկները նույնպես հաճախում են պարտեզ, բայց ոչ մեկ պարտեզից հանձնարարություններ չի ստացել):
Կիրակի օրը մեր սիրելի դաստիարակները ներկայացրեցին գալիք շաբաթվա հանձնարարությունները: Առաջադրանքները չափից ավելի պարզ և հեշտ էին, շատ հետաքրքիր: Դժվար էր դրանց իրականացման համար ժամանակ գտնելը:
Հենց ինձ համար շատ դժվար էր սկզբանական շրջանը:
Դժվարությամբ էինք գտնում մի քանի ազատ րոպե, բայց փորձում էինք: Մեկ շաբաթ հետո արդեն սովորություն դարձավ ամեն օր կես ժամ կամ մեկ ժամ խաղալը և այդ խաղից մի փոքրիկ հատված հոլովակի տեսքով հաշվետվությամբ ներկայացնելը:
Նարինան շատ հմտություններ ձեռք բերեց այս շրջանում: Ճիշտ է՝ նա գրեթե ամեն ինչ կարողանում է անել ( երևի թե իմ հետևողականության և, իհարկե, դաստիարակների շնորհիվ), բայց օրինակ՝ Զատկին երբեք մենակով ձու չէր ներկել, կամ շատ քիչ անգամներ է դանակով բանջարեղեն կտրատել և այլն: Հոլովակները նկարելու ընթացքում նկատեցի, որ այժմ Նարինան մեծի պես կարողանում է իր խոսքը կազմել: (Տնեցիներն ասում են՝ ապագա բլոգեր է)։
Առցանց ուսուցումը շատ բան տվեց մեզ, հատկապես ինձ: Ինձ ստիպեց, որ կարողանամ օրվա մեջ մեկ կամ մեկ ու կես ժամ տրամադրել իմ երեխային՝ խաղալ, հեքիաթ պատմել, որևէ բան պատրաստել, կամ պարզապես չարաճճիություններ անել իրար հետ:
Զարմանալի է, բայց արդեն միասին կարողանում ենք ընկերուհիների պես լինել, զրուցել ամենահետաքրքիր թեմաներից, երազանքներ պահել, մտովի ապագան գծել։
Եթե չլիներ առցանց ուսուցման այս ծրագիրը, վստահ եմ՝ ես էլի կգտնեի այդ ժամանակը, բայց թե ինչքան արդյունավետ կօգտագործեինք այն, չեմ կարող ասել: Ճիշտ է՝ մենք՝ ծնողներս, լավ գիտենք, թե ինչ է պետք մեր երեխային, բայց այդքան էլ լավ չենք տիրապետում այդ «ծրագրին» (բացառություններ, իհարկե, լինում են): Ամեն դեպքում մանկավարժների կողմից կազմակերպված այս փոքրիկ «խաղ-ուսուցում-օգնություն մայրիկներին» ծրագիրը», իմ կարծիքով, ծառայեց իր նպատակին:
Շատ շնորհակալ ենք անաչառ աշխատանքի, անհատական հոգատարության և համբերատարության համար: Նարուշը ձեզ շատ է սիրում, ես՝ նույնպես։

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s